դելֆինարիումի շինարարությունը
50 հայաստանյան և միջազգային բնապահպանական կազմակերպություններ, ովքեր դեմ են Երևանում դելֆինարիումի կառուցմանը և դելֆինների, փոկերի, ծովառյուծի ազատազրկմանն ու շահագործմանը, նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, բնապահպանության նախարարին և քաղաքապետին` պահանջելով անմիջապես դադարեցնել Երևանի Կոմիտասի անվան այգում դելֆինարիումի շինարարությունը: Նրանք նամակում բերում են մի շարք փաստարկներ, թե իրենք ինչու են դեմ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ու նամակի բովանդակությունը ներկայացրեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը:
5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանում վարժեցված կենդանիների դելֆինարիումը նախատեսված է շուրջ 900 հանդիսատեսի համար։ Դելֆինարիումի կառուցումն իրագործում է ուկրաինական «Ներում» ընկերությունը:
Վաշինգտոնում գործող «Armenian Evironmental Network» (Հայ բնապահապան ցանց) գործադիր տնօրեն Սէրդա Էօզբենյանն իր խոսքում ասաց, որ ծովային կենդանիներ պահելը դժվար է, Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ որևէ այլ ծովային կենդանիների գոյատևման համար. Հայաստանի ամառները շոգ են, չոր, ձմեռները` ցրտաշունչ: «Մենք դեմ ենք դելֆինարիումի կառուցմանը, քանզի օգուտ չի բերի հայ հասարակությանը, կտանջի խելացի կենդանիներին»,- ասաց նա:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն ասաց, որ դելֆինների պաշտպանության խմբի կողմից նամակ էին ուղարկել քաղաքապետարան, բնապահպանության նախարարություն` խնդրելով այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայեն այն մասին, որ դելֆինարիումը կառուցվում է օրենքի սահմաններում: «Մենք չստացանք այդ փաստաթղթերը: Քաղաքապետարանի բնապահապնության վարչության պետը հավաստիացրեց, որ փաստաթղթերը կան, բայց չուղարկեց, իսկ բնապահպանության նախարարությունն ուղղեց մի պատասախան, որտեղ գրված էր որ շրջակա միջավայրի փորձաքննություն չի կատարվել, պատասխանից նաև երևաց, որ դելֆինների ներմուծումը նույնպես օրինական չէ: Այս նամակների հիման վրա խնդրել էինք Ստեփան Սաֆարյանին իր կողմից հարցում կատարել քաղաքապետարան, բնապահպանության նախարարություն»,- ասաց նա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ինքը պաշտոնական գրություններ է ուղարկել բնապահպանության, քաղաքաշինության, մշակույթի նախարարություններ ու ստացել է «ապշեցնող պատասխաններ»:
Նա ասաց, որ մշակույթի նախարարության ուղարկած պատասխանի համաձայն, Կոմիտասի այգու տարածքը բաժանված է երկու գոտու` պահպանվող, «չպահպանվող», այսինքն` դելֆինարիումի կառուցման համար նախատեսված հողակտորը դուրս է պահպանական գոտու սահմաններից: Բնապահպանության նախարարության պատասխանով էլ, ըստ պատգամավորի, պարզվել է, որ «Դելֆինարի Նեմո» ՍՊԸ տնօրենից դիմում է ստացվել խաղաղօվկիանոսյան դելֆինների, հարավաամերիկյան փոկի, հարավային ծովառյուծի ներմուծման թույլատվության նպատակով, ինչը դեռևս քննարկման գործընթացում է, ինչպես նաև բնապահպանության նախարարությունը դեռևս չի տվել իր շրջակա միջավայրի փորձաքննության արդյունքները:
«Այս դեպքում հարց է ծագում. եթե դեռևս պարզ չէ` դելֆինարիում լինելո՞ւ է, թե՞ ոչ (որովհետև բնապահպանության նախարարությունը պետք է տա այդ հարցի պատասխանն իր փորձաքննությամբ), ինչո՞ւ է բացվել շինհրապարակ, ինչո՞ւ է հայտարարվում, որ դելֆինարիում է կառուցվելու»,- ասաց Ս. Սաֆարյանը: Նա նաև նշեց, որ մասնագիտական հիմնավորումները պինդ են, ամուր են, ուստի կառուցապատողը, պետությունը պետք է հրաժարվեն դելֆինարիում կառուցելու գաղափարից:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է դելֆինարիում էլ քանդեն, ինչպես դա վերջերս արվեց «Վիշապի կոթողներ» այգում, Հրայր Սավզյանն ասաց, որ հնարավոր է. «Բնապահպանական շարժումը պետք է օգտագործի նաև քաղաքացիական անհնազանդության լծակները, քանի որ Հայաստանում քաղաքակիրթ պայքարը շատ հաճախ անտեսվում է»: Ս. Սաֆարյանն էլ չբացառեց, բայց միաժամանակ հորդորեց իշխանությանը` ապօրինի շինարարության թույլտվություն չտալ, իսկ սեփականատիրոջն էլ` «իր ձեռքով վերացնի իր կառուցածը»: