Կարմիր գրքում գրանցված զոլավոր բորենիի, ազնվացեղ եղջերուի, փասիանի, թուրաջի անօրինական ոչնչացումը կարելի է իրականացնել առանց տուգանքներ վճարելու: Օգոստոսի 18-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց բնապահպանության նախարար Արամ Հարությույանի առաջարկին` փոփոխություններ իրականացնել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացի խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հիմնավորման` առաջարկվում է զոլավոր բորենին, ազնվացեղ եղջերուն, փասիանը, թուրաջը հանել այն ցանկից, որում սահմանված են դրանց որսի եւ/կամ ոչնչացման համար նախատեսված տուգանքները:
Նշենք, որ գործող օրենքով սահմանված են վնասի հատուցման հետեւյալ չափերը. ազնվացեղ եղջերու` 1 մլն դրամ, զոլավոր բորենի` 250 հազար դրամ, փասիան եւ թուրաջ` 20 հազար դրամ:
Ցավոք` բնապահպանության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ չեն նշվում այն պատճառները, թե ինչու նշված կենդանիների ոչնչացման համար տուգանքներ չպետք է վճարվեն:
Նշենք, որ Հայաստանը գումարներ է հատկացրել այլ երկրներից մի քանի տասնյակ ազնվացեղ եղջերուներ ներկրելու եւ Դիլիջանի Ազգային պարկում դրանց բաց թողնելու նպատակով: Մասնավորապես` Հայաստանը 2006թ. 10 բեզուարյան այծ է տվել Վրաստանին` փոխարենն ազնվացեղ եղջերու ստանալու ակնկալիքով, սակայն Վրաստանը չի կատարել իր պարտավորվածությունը: Այնուհետեւ Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը 40 հազար եվրո է հատկացրել Ռուսաստանից ազնվացեղ եղջերու գնելու նպատակով:
Զոլավոր բորենին երկար տարիներ Հայաստանում համարվում էր անհետացած, սակայն անցյալ տարվա աշնանը, 60 տարվա ընդմիջումից հետո, Նռնաձոր գյուղի այգիներից մեկի ցանկապատում հայտնաբերվեց զոլավոր բորենու անշնչացած մարմին:
Փասիանը եւ թուրաջը հավազգիներ են, որոնք նույնպես շատ հազվադել են հանդիպում Հայաստանում, հիմնականում` չվերահսկվող որսորդության պատճառով:
Սամվել Ավագյան
Օգոստոս 19, 2011 | 01:03 Լուրեր Հայաստանից -news.am